Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հարությունից հետո` Էմմավուսի ճանապարհին

Հարությունից հետո` Էմմավուսի ճանապարհին
10.04.2015 | 00:04

Նույն օրը, երբ Հիսուս հարություն առավ, աշակերտներից երկուսը գնում էին իրենց տուն, որը գտնվում էր Էմմավուս գյուղում: Նրանք Բաղարջակերաց տոնի համար էին եկել Երուսաղեմ և հիմա տուն էին վերադառնում: Նրանք լսել էին Հիսուսի հետ պատահած բոլոր դեպքերը և այդ մասին խոսելով գնում էին իրենց ճանապարհով: Քիչ հետո մի երրորդ անձնավորություն` Հիսուսը, միացավ նրանց: Բայց աշակերտները սկզբում չճանաչեցին նրան: Նա հայտնվեց որպես սովորական մարդ, բայց աշակերտները չճանաչեցին նրան: Նրանց հոգևոր աչքերը փակ էին և դեռևս չէին հավատում, որ Հիսուս իսկապես հարություն է առել մեռելներից: Հիսուս հարցրեց նրանց, թե ինչ էին խոսում ճանապարհին: Նա գիտեր պատասխանը, բայց ուզում էր նրանցից լսել: Հիսուսը շատ հաճախ աշակերտներին հարցեր տալով էր սովորեցնում: Կղեովպաս անունով աշակերտն ասաց Հիսուսին. «Չգիտե՞ս ինչի մասին ենք խոսում: Չե՞ս լսել, թե այս վերջին երեք օրերին ինչ է կատարվել Երուսաղեմում»: Հիսուսը հարցրեց. «Ի՞նչ է կատարվել»: Եվ նրանք պատմեցին իրենց առաջնորդ Հիսուսի մասին, որն Աստծո և ամբողջ ժողովրդի առաջ խոսքով ու գործով զորավոր մարգարե էր: Նրանք, ովքեր չեն հավատում Քրիստոսի հարությանը, նրան համարում են ոչ ավելին, քան խոսքով ու գործով զորավոր մարգարե: Նրանց համար Հիսուսն ընդամենը իմաստուն ու բարի մարդ է:
Հետո այդ երկու աշակերտները պատմեցին իրենց հուսախաբության` Հիսուսի մահվան մասին: Նրանց հույսն այն էր, որ նա Մեսիան է, Իսրայելի թագավորը, բայց այժմ խորտակված են նրանց բոլոր հույսերը, քանի որ մտածում էին, որ Հիսուս պետք է ապստամբություն բարձրացներ օտար զավթիչների դեմ, սակայն այդպես չեղավ: Բոլոր հրեաները հավատում էին, որ Մեսիան Իսրայելին հաղթություն կտա իր թշնամիների հանդեպ: Նրանք չէին հավատում այնպիսի Մեսիայի, որը մեռնելու է խաչի վրա: «Բայց այսօր մի զարմանալի բան ենք լսել,- ասացին նրանք,- այսօր առավոտյան այն գերեզմանը, ուր Հիսուսի մարմինն էր դրված, դատարկ էր»: Եվ նրանք շարունակեցին պատմել այն, ինչ լսել էին կանանցից, Պետրոսից ու Հովհաննեսից: Բայց թափուր գերեզմանը Հիսուսի կենդանության ապացույցը չէր: Աշակերտներից ոչ ոք դեռևս անձամբ չէր տեսել Հիսուսին: Նրանք գիտեին միայն, որ Հիսուսի մարմինը չկա: Այնուհետև Հիսուսը երկու աշակերտներին սկսեց ուսուցանել, թե ինչ է գրված Մովսեսի և բոլոր մարգարեների գրքերում: Հին կտակարանի մարգարեությունների համաձայն` Մեսիան նախ պիտի չարչարվեր ու մեռներ, այնուհետև հարություն առներ ու հաստատեր իր հոգևոր հավիտենական թագավորությունը: Հրեաները գիտեին Հին կտակարանում նկարագրված «չարչարվող ծառայի» մասին, բայց չէին հավատում, թե դա նույն Մեսիան է: Նրանց կարծիքով` չարչարվող ծառան ու Մեսիան տարբեր մարդիկ են: Հիսուս սովորեցրեց, որ չարչարվող ծառան հենց Մեսիան է: Հիսուս իր չարչարանքների և մահվան մասին շատ էր պատմել աշակերտներին, բայց նրանք այդպես էլ չէին հասկացել: Երկու աշակերտները ուշադիր լսում էին: Նրանց սրտերը ճմլվում էին Հիսուսի խոսքերից: Նրանք Հիսուսին իրենց տուն հրավիրեցին: Եթե ներս չհրավիրեին, նա կգնար, և աշակերտները երբեք չէին իմանա, թե Էմմավուսի ճանապարհին ով է իրենց հետ քայլել: Հարցնենք ինքներս մեզ. «Քանի՞ անգամ է Հիսուսը մեզ հետ խոսել ճանապարհին, բայց մենք ներս չենք հրավիրել նրան» (Հայտն. 3.20):
Տուն մտնելուց և ճաշի պատրաստվելուց հետո Հիսուսը վերցրեց հացը, օրհնեց, կտրեց այն և տվեց նրանց: Աշակերտներն այս բանը շատ էին տեսել նրա մահից առաջ: Այդ ժամանակ նրանց հոգևոր աչքերը բացվեցին, և նրանք ճանաչեցին Հիսուսին: Ճիշտ այդ պահին նա անհետացավ: Թեև արդեն մութ էր, բայց աշակերտները շտապեցին Երուսաղեմ` մյուսներին պատմելու Հիսուսի հետ ունեցած իրենց հանդիպման մասին: Այդ ընթացքում Հիսուսը Պետրոսին էլ էր հայտնվել: Աշակերտներից մի քանիսն արդեն սկսեցին հավատալ, որ Հիսուսն իսկապես կենդանի է և հարություն է առել մեռելներից: Բայց ոմանք չէին հավատում: Եվ նույնիսկ այն բանից հետո, երբ մի քանի րոպե անց Հիսուսը հայտնվեց բոլոր աշակերտներին, նրանք դեռևս կասկածում էին ու կարծում, թե տեսիլք են տեսնում: Մինչ Էմմավուսի երկու աշակերտները խոսում էին մյուսների հետ, Հիսուսը հայտնվեց այդտեղ գտնվողների առջև: Այսպիսով հարությունից հետո բոլոր աշակերտները միասին տեսան նրան:


Պատրաստեց
Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Դիտվել է՝ 1459

Մեկնաբանություններ